Ինչու ենք իմաստուններին ծերունու տեսքով պատկերացնում

Հեղինակ՝
Տարեց իմաստուն

Մարդուն իմաստուն դարձնում է գիտելիքը: Ոչ բոլոր «շատ գիտելիք» ունեցողներն են իմաստուն, բայց չկան իմաստուններ՝ քիչ գիտելիքով: Թե ինչպես է գիտելիքն իմաստության վերածվում, այս հոդվածի թեմա չէ (այդ մասին իմ պատկերացումները գրել եմ «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում): Սակայն այն մասին, թե ինչու են իմաստունները պատմության ընթացքում ծերունու տեսքով ներկայանում, կխոսեմ այս հոդվածում:

Հին ժամանակներում գիտելիքի տարածման ուղիներն այնպիսին էին, որ գիտելիքի քանակը ուղիղ համեմատական էր մարդու տարիքի հետ: Հիմնականում մարդը գիտեր (սովորում էր) այն, ինչը տեսնում կամ լսում էր: Ժամանակին, երբ գիտելիքի տարածման արագությունը մեծ չէր, ծավալը, թե ինչ մարդը կարող էր տեսնել կամ լսել, խիստ սահմանափակ էր: Մարդիկ գիտելիք հիմնականում ստանում էին այն տարածքում, որտեղ ապրում էին: Ճանապարհորդները կամ թափառաշրջիկները կարող էին գիտելիք ստանալ նաև այլ վայրերում, սակայն որքան էլ նրանք փորձեին, գիտելիքը չէր կարող մի կետից մյուսն ավելի արագ հասնել, քան ձիու արագությունը:

Ձիու արագություն

Ուստի ավելի շատ գիտելիք կուտակում էին նրանք, ովքեր ավելի երկար էին ապրում: Տարեցներն արժանանում էին մյուսների հարգանքին, քանի որ ավելի շատ բան գիտեին: Իսկ երբ իմանալուց բացի նրանք կարողանում էին նաև գիտելիքը կիրառել՝ մարդկանց կյանքն ավելի հեշտ կամ իմաստալից դարձնելով, նրանք «գիտակից» վերածվում էին «իմաստունի»:

Երբ ստեղծվեց գիրքը, գիտելիքը կարող էր ավելի արագ տարածվել, քան ձիու արագությունը: Սակայն գրքերը սկզբում ձեռագիր էին և դրանք բազմացնելու համար մեծ միջոցներ էին անհրաժեշտ: Գիտելիքի խիստ սահմանափակ մասն էր միայն գրքի վերածվում և գրքի տեսքով շրջագայում: Չնայած մարդու գիտելիք կուտակելու, ապա այն իմաստության վերածելու նախկին աղբյուրներին (տեսնել, լսել, շրջել, փորձել) ավելանում էր նաև կարդալը, սակայն դրա ազդեցությունը դեռ մասշտաբային չէր: Գիրքը հասանելի չէր բոլորին, գրքերի բազմազանությունը մեծ չէր, կարդալ գիտեին ոչ բոլորը, և այլն, և այլն: Ուստի այս շրջանում նույնպես համեմատաբար ավելի շատ գիտելիք էին հավաքում նրանք, ովքեր ավելի երկար էին ապրում:

Գիրք

15-րդ դարում և դրանից հետո, երբ գիրքը դարձավ տպագիր, կտրուկ ավելացավ տպարանների, գրադարանների, հեղինակների թիվը, գիրքը սկսեց զգալի ազդեցություն ունենալ գիտելիքի տարածման արագության վրա: Այն փորձի և գիտելիքի մի մասը, որ նախկինում մարդը պետք է ապրեր, որպեսզի ձեռք բերեր, այժմ հասանելի էր դառնում գրքերի միջոցով: Երիտասարդները սկսեցին մրցակցել տարեցների հետ, քանի որ «հաղթելու» ավելի մեծ հավանականություն ուներ նա, ով շատ էր կարդում, շատ գիտելիք էր ստանում և շատ էր փորձում: Իմաստության անցողիկ շեմն իջնում էր:

Հավասարաչափ գիտելիք ունեցող տարեցն ու երիտասարդը մեկ տարի փորձելու կամ մտածելու արդյունքում ինչ-որ նոր արդյունքի գալու հավասարաչափ հնարավորություն ունեն:

Ռադիոն ու հեռուստատեսությունը, ապա գլխավորապես՝ համացանցը, աննախադեպ արագ դարձրեցին գիտելիքի տարածումը: Այժմ պարտադիր չէ մեկ ամբողջ կյանք ապրել, որպեսզի ուրիշներից ավելի շատ գիտելիք կուտակել: Եռանդուն, գիտելիքի ծարավ երիտասարդը համակարգչի դիմաց նստած մի քանի տարում ավելի շատ տեղեկատվություն կարող է ստանալ, քան տարեցը, ով շարունակում է հույսը դնել միայն սեփական փորձի և գրքերի վրա: Իհարկե՝ այս կարճ հատվածը, որում մենք այժմ ապրում ենք, անցումային ժամանակաշրջան է, և այսօրվա երիտասարդները կլինեն վաղվա տարեցները՝ գիտելիքի տարածման նոր եղանակներին ավելի հմուտ: Սակայն նույնիսկ այդ ժամանակ երիտասարդը կունենա հավասար հնարավորություններ իմաստուն լինելու, ինչպես տարեցը, քանի որ գիտելիքը դարձել է բոլորին հասանելի հավասարապես: Այլ հարց է, որ առաջին փուլում գիտելիքը մարդուն ընդամենը գիտակ է դարձնում, բայց ոչ իմաստուն: Իմաստուն մարդուն դարձնում է գիտելիքի կիրառությունը, փորձը, եղածի հիման վրա նորի ստեղծումը: Սակայն այստեղ երիտասարդներն ու տարեցները նույնպես հավասար հնարավորություններ ունեն, քանի որ մտածել ու փորձել կարող են երկուսն էլ (խոսքը տասնչորս տարեկան երիտասարդների մասին չէ, այլ ինքնուրույնության շեմը հաղթահարած, տարեցների հետ կյանքի նույն հոսանքում հայտնվածների):

Երիտասարդ իմաստուններ


Սակայն նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ հետագայում պատմությունը ևս կհիշի հիմնականում տարեց իմաստուններին: Պատճառն այն է, որ եթե նույնիսկ երիտասարդները կարող են մրցակցել տարեցների հետ, պատմությունը, ամեն դեպքում, հիշում է տվյալ մարդու վերջին տարիքը, քանի որ երբ համեմատվում ես ոչ թե ուրիշների, այլ ինքդ քեզ հետ, ավելի մեծ տարիքում յուրաքանչյուրն ավելի իմաստուն է, քան երիտասարդ տարիքում: Մենք Խաչատուր Աբովյանին երիտասարդ ենք հիշում: Իր ժամանակներում նա կարող էր մրցակցել ցանկացած տարեց գրողի հետ: Սակայն եթե չլիներ հայտնի դեպքը և Աբովյանը երկար ապրեր, մենք կհիշեինք տարեց Խաչատուր Աբովյանին, քանի որ նա ավելի փորձառու կլիներ, քան նույն ինքը՝ երիտասարդ տարիքում:

Այժմ և այսուհետ իմաստուն կարող են լինել և՛ տարեցները, և՛ երիտասարդները: Սակայն պատմությունը կհիշի տվյալ մարդու վերջին տարիքը:

 
 

Մարդիկ լողում են «ստանդարտ» հոսանքում: Մենք ապրում և մտածում ենք իներցիայով: Մենք մտածում ենք բոլորի պես: Մենք հազվադեպ ենք սեփական մտածողությունը վերլուծում: Գիրքը մարդու և մարդկային մտածողության մասին է՝ «ոչ ստանդարտ» տեսանկյունից: Այն կօգնի Ձեզ նորովի բացահայտել մարդուն: Այն կտեղափոխի Ձեր մտածողությունը այլ հարթություն: