Զգացմունքները ծրագրեր են, որոնք կարգավորում են մարդու գոյությունը

Զգացմունքներ

Բոլոր զգացմունքներն ունեն բացատրություն՝ ալգորիթմ: Դրանք որոշակի նախապայմանների, որոշակի հանգամանքների, տրամաբանական որոշակի կետերի արդյունք են, և այդ կետերից յուրաքանչյուրը հնարավոր է նախագծել: Զգացմունքը փոխվում է, եթե փոխվում են կետերը: Սերը հնարավոր է ուժեղացնել կամ թուլացնել, ակտիվացնել կամ պասիվացնել՝ փոխելով կետերը: Եթե թուլացնենք, օրինակ, «հոգ տանելու» կետը, կթուլանա նաև «սեր»-ը: Եթե այդ կետն ուժեղացնենք, զգացմունքը կուժեղանա (տվյալ անձին մենք ավելի շատ ենք սիրում, երբ նա մեր մասին ավելի շատ է հոգ տանում):

Հոգ տանել

Եթե հասուն տարիքում մարդու գլխից հանենք մանկական հիշողությունները, նա չի սիրի իր մորը, քանի որ նրա կարիքն այլևս չունի այնպես, ինչպես մանուկ հասակում: Մենք սիրում ենք նրան, ում կարիքն ունենք:

Մայր և երեխա

Երբ դերասանը տանն է՝ չի սիրում ինձ, ձեզ կամ այլ մարդկանց: Սակայն նա մեզ սիրում է, երբ մենք դահլիճում կանգնած ծափահարում ենք նրան, քանի որ այդ պահին նա մեր կարիքն ունի: Գուցե նա նաև մեզ սիրում է, երբ հիշում է այդ մասին, բայց ոչ ավելին:

Ծափահարություններ

Սերն այնքան էլ անհասկանալի, անբացատրելի զգացմունք չէ: Այն գործում է նույն կերպ, ինչպես մյուս բոլոր զգացմունքները. ունի որոշակի նպատակ:

Սերը և մյուս զգացմունքները միշտ չէ, որ ակտիվ են: Մենք չենք սիրում մեր ծնողներին կամ երեխաներին միշտ: Մենք սիրում ենք նրանց այն ժամանակ, երբ նրանք մեր կողքին են, կամ մենք նրանց մասին հիշում ենք: Երբ նրանք մեր մտքում չեն, զգացմունքն ակտիվ չէ: Երբ դուք ձեր ընկերների հետ երեկույթի եք մեկնում և ամբողջությամբ տարված եք ակտիվ ժամանցով, արդյո՞ք այդ պահին ակտիվ է սերը ձեր ընտանիքի անդամների հանդեպ: Այն կակտիվանա միայն այն ժամանակ, երբ դուք նրանց մասին հիշեք:

Զայրույթ

Նույնը վերաբերում է մյուս զգացմունքներին, օրինակ՝ զայրույթին: Մենք ինչ-որ մեկի վրա զայրանում ենք (զայրույթը գոյություն ունի), երբ այդ մարդը մեր կողքին կամ մեր մտքում է: Երբ այդ երկուսից գոնե մեկը չկա, չկա նաև զգացմունքը:

Երբ սկսում ես վերլուծել զգացմունքները, խառնվում է բնականի և արհեստականի սահմանը: Այն, ինչը մարդու համար բնական է, ավելի բարձր գիտակցության համար արհեստական է: Եվ այն, ինչը մարդու համար արհեստական է, նրա կողմից ստեղծված էակների համար կլինի բնական: Զգացմունքներին կարելի է վերաբերվել որպես բնական կամ որպես արհեստական, կարևորը նույնիսկ դա չէ: Կարևորն այն է, որ հասկանանք, որ զգացմունքները ծրագրեր են, որոնք կարգավորում են մարդու գոյությունը: Դրանք հնարավոր է հասկանալ և նախագծել:


Հ.Գ.
Սա հատված է «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքից: Գրքում հեղինակը վերլուծում է մարդուն և նրա մտածելակերպը՝ ոչ ստանդարտ տեսանկյունից:

Leave a Reply

Your email address will not be published.

 
 

Մարդիկ լողում են «ստանդարտ» հոսանքում: Մենք ապրում և մտածում ենք իներցիայով: Մենք մտածում ենք բոլորի պես: Մենք հազվադեպ ենք սեփական մտածողությունը վերլուծում: Գիրքը մարդու և մարդկային մտածողության մասին է՝ «ոչ ստանդարտ» տեսանկյունից: Այն կօգնի Ձեզ նորովի բացահայտել մարդուն: Այն կտեղափոխի Ձեր մտածողությունը այլ հարթություն:


   


error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»