Արդյո՞ք մարդը միակ էակն է, որ ճշմարտություն է փնտրում

Ճշմարտություն

Վերջերս մի տեսանյութ էի դիտում, որտեղ երկու փիլիսոփաներ բանավիճում էին կյանքի իմաստի, տիեզերքի ստեղծման և նմանատիպ այլ հարցերի շուրջ:

Փիլիսոփայական զրույց

«Մարդը, ամենայն հավանականությամբ, միակ էակն է ողջ տիեզերքում, որ մտածում է տիեզերքի մասին»,- սկսեց զրույցը փիլիսոփաներից մեկը: «Հետաքրքիր է՝ ի՞նչ գիտեք»,- մտածեցի ես: «Մարդը միակ էակն է, որ մտահոգված է ճշմարտությունների բացահայտմամբ»,- շարունակեց նա: «Հավանաբար Դուք հասկանում եք կատուների լեզուն, մանրամասն ծանոթ եք սողունների մշակույթին, կարողանում եք մտնել ձկների ուղեղ, ճանապարհորդել եք տիեզերքով և վստահաբար գիտեք, թե գիտակցության ինչ մակարդակում են գտնվում բակտերիաները»,- մտածեցի ես: «Այդ պատճառով էլ մենք միակ էակներն ենք, որոնք կարող են ազդել տիեզերքում տեղի ունեցողի վրա»,— ավելացրեց նա: «Ազդե՞լ,- մտածեցի ես,- եթե փոքրանանք մինչև բակտերիայի չափսերը և տեղափոխվենք գիտակցության այն մակարդակ, որով օժտված են նրանք, հավանաբար մենք նույնպես կկարծենք, որ միակ օրգանիզմներն են, որոնք ունակ են ազդել տիեզերքի վրա՝ որպես տիեզերք դիտարկելով, օրինակ, մարդկային մարմինը կամ կենդանի այլ օրգանիզմներ»:

«Ոչ մարդկային» գիտակցություն

Տեսանյութը մինչև վերջ դիտեցի և որոշեցի մտքերովս կիսվել: Երբ մենք խոսում ենք «միակը» լինելու մասին, մենք անում ենք դա՝ գնահատելով աշխարհն այն գիտակցությամբ, որով օժտված ենք մենք (մարդկային գիտակցությամբ): Սակայն ոչ ոք չի ապացուցել և կարծում եմ՝ չի էլ կարող ապացուցել, որ մարդկային գիտակցությունը միակն է կամ լավագույնը: Հավանաբար գիտակցության տարբեր մակարդակներ (տեսակներ) գոյություն ունեն, որոնցով օժտված են բոլոր կենդանի օրգանիզմները: Երբ մենք գնահատում ենք մեզ հայտնի կենդանիների (օրինակ՝ մկան կամ կատվի) պահվածքը, մենք անում ենք դա՝ մտովի վերագրելով այդ կենդանիներին մարդկային գիտակցություն: Եթե մուկը վազի և ընկնի ավտոմեքենայի տակ, մենք կզարմանանք՝ «անխելք մուկ. չէ՞ որ մարդն այդպես երբեք չէր անի»: Կամ եթե, ունենալով ընտրության հնարավորություն, նա չընտրի այն տարբերակը, որը մենք կընտրեինք, մենք կրկին մկանը «ինտելեկտով» մեզնից ավելի ցածր կհամարենք: Բայց չէ՞ որ մենք չգիտենք, թե գիտակցության ինչ տեսակով է օժտված մուկը, չի կարելի նրա պահվածքի մասին դատել և «մտածող» կենդանի օրգանիզմների հիերարխիայում նրան դասակարգել՝ հիմնվելով միայն մարդկային գիտակցության կողմից արված եզրակացությունների վրա: Տարբեր գիտակցությամբ օրգանիզմներն աշխարհն այլ կերպ են ընկալում: Մենք չենք կարող, օրինակ, վստահ լինել, որ մկան կամ կատվի համար երկրագունդը կլոր է կամ ընդհանրապես երկրագունդ գոյություն ունի: Խոսքը նույնիսկ մեր զգայարանների և դրանց միջոցով ստացված ինֆորմացիայի տարբերության մասին չէ, այլ այդ ինֆորմացիայի մշակման եղանակների, վերջնական՝ ելքային տվյալներ ստանալու մեխանիզմների տարբերության մասին:

Գիտակցությունից կախված ճշմարտություն

Վերադառնալով տիեզերքին և կյանքի իմաստին՝ հարց է առաջանում. ինչո՞ւ որևէ կենդանի օրգանիզմ պետք է մտածի տիեզերքի մասին, եթե միգուցե նա նույնիսկ չի ընկալում մեր տիեզերքը (փոխարենը՝ ընկալելով սեփական «տիեզերքը»): Ինչո՞ւ նա պետք է բացահայտի այն ճշմարտությունները, որոնք մենք ենք փորձում բացահայտել, եթե նրա համար ճշմարտությունները հավանաբար այլ են: Ինչո՞ւ նա պետք է տիեզերքի վրա ազդի, եթե ազդեցության մասին հավանաբար իր սեփական պատկերացումներն ունի, որոնք համատեղելի չեն մարդկային գիտակցության հետ: Այո, կատուները միգուցե գիշերը քնում են, ափսեից կաթ են ուտում, ոտքեր ունեն, կրակից վախենում են, իսկ ցուրտ ժամանակ՝ մրսում (այսինքն՝ ինչ-որ առումով նմանեցնում ենք նրանց մեզ), բայց այդ ամենից չի կարելի դատել նրանց գիտակցության մասին, այդ ամենից հնարավոր չէ հասկանալ՝ արդյոք կատուները ճշմարտություն փնտրո՞ւմ են, թե՞ ոչ, ընդհանո՞ւր են արդյոք մեր ճշմարտությունները, թե՞ գիտակցության յուրաքանչյուր տեսակ իր ճշմարտություններն ունի, ո՞ւմ ճշմարտություններն են «ավելի ճշմարիտ», և այլն, և այլն:

Երբեմն մենք շտապում ենք աշխարհի մասին սպառիչ պատասխաններ տալ, երբ այդ աշխարհին, հավանաբար, աննշան հաստությամբ խողովակի միջով ենք նայում

Այսինքն՝ պետք է հաշվի առնել այն, որ գիտակցության տարբեր մակարդակներ (տեսակներ) կան, և միայն այն, որ մարդը կարող է տրորել բույսը, կտրել ծառը և սպանել բոլոր կենդանիներին (մեր գիտակցությամբ՝ գերիշխել), չի նշանակում, որ մենք բարձրագույն գիտակցությամբ ենք օժտված, միակն ենք և առանձնահատուկ:

Leave a Reply

Your email address will not be published.

 
 

Մարդիկ լողում են «ստանդարտ» հոսանքում: Մենք ապրում և մտածում ենք իներցիայով: Մենք մտածում ենք բոլորի պես: Մենք հազվադեպ ենք սեփական մտածողությունը վերլուծում: Գիրքը մարդու և մարդկային մտածողության մասին է՝ «ոչ ստանդարտ» տեսանկյունից: Այն կօգնի Ձեզ նորովի բացահայտել մարդուն: Այն կտեղափոխի Ձեր մտածողությունը այլ հարթություն:


   


error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»