Բույսերը գիտակցություն ունեն. ԱՊԱՑՈՒՅՑ

Բույսերի գիտակցությունը

Պատկերացրեք մի մարդու, ով մի քանի տարի է գտնվում է կոմայում. փակ աչքեր, անշարժ մատներ, ոչ մի արձագանք արտաքին աշխարհին. նա պարզապես շնչում է: Հնարավո՞ր է արդյոք պնդել, որ այդ մարդը գիտակցություն ունի: Եթե այո, ապա ինչպե՞ս է այդ գիտակցությունը դրսևորվում. չէ՞ որ նա ոչ մի կերպ չի արձագանքում արտաքին ազդակներին, չի շարժվում, մտածված ոչինչ չի անում:

Կոմա

Իսկ հիմա պատկերացրեք այդ նույն մարդուն, ով կարողանում է թարթել աչքերը: Նրան հնարավոր է հարցեր տալ, իսկ նա կպատասխանի «այո» կամ «ոչ»՝ մեկ կամ երկու անգամ թարթելով աչքերը: Այս դեպքում, կարծում եմ, խոսք չի կարող լինել մարդու (օրգանիզմի) գիտակցություն չունենալու մասին, քանի որ նա արձագանքում է մեզ և անում է դա ոչ թե անկանոն, այլ մտածված:

Երկու դեպքում էլ ունենք նույն մարդուն՝ ամբողջությամբ անշարժ, բացառությամբ այն փոքրիկ դրվագի, երբ երկրորդ դեպքում մարդը կարող է գիտակցված թարթել աչքերը: Առաջին դեպքում մարդու՝ որպես օրգանիզմի, գիտակցության մասին խոսելը միանշանակ չէ և կարող է կասկածներ առաջացնել, մինչդեռ երկրորդ դեպքում՝ գիտակցության հետ կապված որևէ կասկած չկա: Կարելի՞ է արդյոք սրանից ենթադրել, որ գիտակցությունը կապ ունի շարժման հետ: Թե՞ գոյություն ունեն օրգանիզմներ, որոնք անշարժ են, բայց գիտակցություն ունեն:

Նմանատիպ է նաև Սթիվեն Հոքինգի օրինակը. նա չէր կարողանում շարժվել, սակայն կարողանում էր արձագանքել աշխարհին՝ դեմքի մկաններից մեկի շարժման միջոցով (սարքի օգնությամբ վերածելով այդ շարժումը ձայնային տվյալների): Եթե նա կորցներ նաև այդ ունակությունը, ինչպե՞ս մենք կարող էինք վստահ լինել, որ Սթիվեն Հոքինգը գիտակից մարդ (օրգանիզմ) է:

Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք համարում, որ բույսերը գիտակցություն չունեն, նրանց՝ մեր աչքի համար տեսանելի գիտակցված շարժման բացակայությունն է: Օրինակ, ծառն ընդամենը անշարժ ծառ է, ինչպե՞ս այն կարող է գիտակցություն ունենալ:

Մինչև առաջ անցնելը՝ դիտեք տեսանյութը:

Շարժում՝ ժամանակային այլ սանդղակով

Իրականում բոլոր բույսերն էլ շարժվում են, ինչպես համոզվեցիք՝ դիտելով տեսանյութը, պարզապես այդ շարժումը տեղի է ունենում դանդաղ, ժամանակային այլ սանդղակով: Շարժումը և գիտակցությունը ավելի բարձր հասկացողություններ են, քան մարդը, և պարտավոր չեն տեղավորվել մարդկային ստանդարտների մեջ: Շարժումն այն չէ, ինչը տեսանելի է մարդու համար: Շարժումը՝ օրգանիզմի մի վիճակից կամ դիրքից մյուսին անցնումն է, որը կարող է տեսանելի կամ հասկանալի չլինել մարդու համար (նույն կերպ, մենք չենք տեսնում ռադիոալիքները, բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն):

Գիտակցվա՞ծ շարժում

Այն, որ բույսերը շարժվում են, դա փաստ է: Սակայն կարելի՞ է արդյոք խոսել գիտակցության մասին, եթե մենք չգիտենք՝ գիտակցվա՞ծ է այդ շարժումը, թե՞ ոչ: Չէ՞ որ դրսում հայտնված պոլիէթիլենային տոպրակը նույնպես շարժվում է քամու ազդեցության տակ, սակայն մենք չենք կարող խոսել պոլիէթիլենային տոպրակի գիտակցության մասին, քանի որ շարժումն անկանոն է, հնարավոր չէ կանխատեսել պոլիէթիլենային տոպրակի պահվածքը ժամանակի հաջորդ պահին: Հետևաբար գիտակցության մասին խոսելու համար մեզ պետք են օրինակներ, երբ բույսը կատարում է գիտակցված շարժում: Սիրով կներկայացնեմ Ձեզ երկուսը:

«Կառչող» բույսեր

Կառչող բույսեր

Եթե մեկ-երկու ամսվա ընթացքում հետևեք լոբազգիների ընտանիքին պատկանող բույսերից որոշների (օրինակ՝ լոբու) աճին, ապա կտեսնեք, թե ինչպես է բույսն իր բեղիկների օգնությամբ «կառչում» որևէ «հենարանից»՝ վեր բարձրանալու համար: Իմ տեսանկյունից՝ դա գիտակցված շարժում է, նույնքան գիտակցված, ինչպես մարդն է սնվում՝ «աճելու» համար:

«Հայացք»` ուղղված դեպի լույսը

Բույս, լույս

Այն, որ բույսը թեքում է իր «հայացքը» դեպի լույսը (մասնավորապես՝ արևը), դա բույսի «որոշումն է», ոչ թե արևի կամ որևէ երրորդ կողմի: Ինչո՞ւ, երբ բույսը, որը ցանկանում է արևից էներգիա ստանալ՝ իր կյանքն ապահովելու համար, գիտակից համարվել չի կարող, իսկ երբ նույն բանն անում է մարդը, դա ընկալվում է որպես գիտակցության ապացույց:

Բույսը ձգվում է դեպի լույսը: Անապատում կորած մարդը «ձգվում» է դեպի ջուրը: Երկուսն էլ փորձում են ստանալ այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Նման իրավիճակում մարդը մտածում է, հետևաբար բույսը նույնպես «մտածում է»: Մարդը մտածում է իր սահմաններում, բույսը՝ իր: Բույսը չի կարող մտածել մարդու պես, մարդն էլ չի կարող մտածել ավելին, քան իրեն տրված է: -Հատված «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքից

«Ոչ մարդկային» գիտակցություն

Իհարկե, բույսը չի կարող շախմատ խաղալ, ինչպես և մարդը չի կարող անել այն բաներից
շատերը, ինչին ունակ են բույսերը: Դա պայմանավորված է նրանով, որ բույսերն ու մարդիկ գտնվում են գիտակցության տարբեր վիճակներում կամ մակարդակներում: Մեզնից տարբեր գիտակցության վիճակում են գտնվում նաև կենդանիները, ինչին անդրադարձել եմ այս հոդվածում, բայց դա ընդամենը գիտակցության վիճակների տարբերություն է, այլ ոչ թե գիտակցության բացակայության (կենդանիների կամ բույսերի դեպքում): Եթե մենք սահմանում ենք գիտակցությունը որպես «օբյեկտիվ իրականության արտացոլման և շրջակա միջավայրի նկատմամբ օրգանիզմի վերաբերմունքի նպատակաուղղված կարգավորման բարձրագույն ձև», ապա այս սահմանման մեջ հանգիստ տեղավորվում են նաև բույսերը` հաշվի առնելով վերը նշված օրինակները: Շատերը կարող են փորձել խաղալ «բարձրագույն» տերմինի հետ, բայց դա պարզապես մարդկային սահմանում է, ոչ թե իրականություն: Գիտակցությունները տարբեր կարող են լինել՝ մարդու համար հասկանալի և մարդու համար անհասկանալի: Այն, որ բույսերը գիտակցություն ունեն, կարծում եմ, մենք սկսել ենք հասկանալ: Բայց դեռ ժամանակ կանցնի, մինչև դա դառնա ակնհայտ:

Leave a Reply

Your email address will not be published.

 
 

Մարդիկ լողում են «ստանդարտ» հոսանքում: Մենք ապրում և մտածում ենք իներցիայով: Մենք մտածում ենք բոլորի պես: Մենք հազվադեպ ենք սեփական մտածողությունը վերլուծում: Գիրքը մարդու և մարդկային մտածողության մասին է՝ «ոչ ստանդարտ» տեսանկյունից: Այն կօգնի Ձեզ նորովի բացահայտել մարդուն: Այն կտեղափոխի Ձեր մտածողությունը այլ հարթություն:


   


error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»