Որքան է Էյնշտեյնը խելոք շիմպանզեից. ինտելեկտ, թե պատահականություն

Էյնշտեյն

Սիրելի ընթերցող, այս հոդվածում ցանկանում եմ կիսվել մտքերովս այն մասին, թե ինչու ենք մենք մարդկանց համարում բանական, խելացի, իսկ կենդանիներին վերաբերվում ենք որպես էակների, ովքեր չունեն ինտելեկտ, և նույնիսկ, եթե որոշ կենդանիների դեպքում ընդունում ենք, որ նրանք ունեն ինտելեկտի որոշակի դրսևորումներ, նրանց «ինտելեկտը» մենք համարում ենք անհամեմատելի մարդկային ինտելեկտի հետ: Արդյո՞ք իրականում այդքան մեծ է մեր մտավոր ունակությունների տարբերությունը:

Առաջին հայացքից թվում է՝ այո: Ինչպես, օրինակ, կարելի է համեմատել Էյնշտեյնին, ով «Հարաբերականության ընդհանուր տեսության» ստեղծողն է, «ամենաինտելեկտուլ» կենդանիներից մեկի՝ շիմպանզեի հետ, ով լավագույն դեպքում կարող է քարով ընկույզ կոտրել կամ իր ձագի հետ ժեստերով շփվել:

Երբ տարիներ առաջ շիմպանզեի հետ անցկացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նրա գենետիկական կոդը՝ ԴՆԹ-ն, շատ մոտ է մարդու գենետիկական կոդին և համընկնում է մոտ 90%-ով, մի շարք գիտնականներ ենթադրություն արեցին, որ ԴՆԹ-ի հենց այդ տարբերվող 10%-ն է մարդուն դարձնում «մարդ», իսկ շիմպանզեին՝ պահում «կենդանի»: Հենց այդ 10%-ն է ստեղծում մտավոր ունակությունների այն ջրբաժանը, որ կա մարդու և շիմպանզեի միջև, և դրա շնորհիվ է, որ Էյնշտեյնը մարդկության խոշորագույն ուղեղներից է, իսկ շիմպանզեն` պարզապես կապիկ, ով բանան է ուտում: Չեմ կարծում, որ այդպես է: Մենք սխալ համեմատություն ենք անում:

Եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչու են մարդիկ իրենց «մտավոր ունակություններով» այդքան տարբեր կենդանիներից (օրինակ՝ շիմպանզեից), պետք է համեմատենք շիմպանզեին ոչ թե ժամանակակից մարդու, օրինակ՝ Էյնշտեյնի, այլ «նախամարդ» կոչվածի հետ, ով ապրել է մեկ միլիոն տարի առաջ:

Նախամարդ

Ժամանակակից մարդու հետ համեմատության սխալը կայանում է նրանում, որ այդպես մենք հաշվի ենք առնում նաև հարյուր հազարավոր տարիների ընթացքում կուտակած գիտելիքը, որը մարդկությանը հաջողվել է պահպանել և փոխանցել: Էյնշտեյնը չէր լինի Էյնշտեյն՝ առանց այդ գիտելիքի: Եթե չլիներ նախկինում կուտակած գիտելիքը ստանալու հնարավորությունը, բացառված չէ, որ Էյնշտեյնը կմտածեր գրեթե այնպես, ինչպես նախամարդը: Որպեսզի հասկանանք մարդու և շիմպանզեի տարբերությունը, պետք է հասկանանք նախամարդու և շիմպանզեի տարբերությունը: Այդ տարբերությունը հասկանալու ուղղությամբ գիտնականների բոլոր մտքերը գնում են դեպի մարդու ուղեղի առանձնահատկությունները: Սակայն չեմ կարծում, որ որոշիչ դեր ուղեղն է խաղացել: Բոլոր կենդանիներն էլ ուղեղի տարբերություններ ունեն՝ չափսերից մինչև կառուցվածքային, բայց մենք դեռ ունակ չենք ապացուցել, որ մեկի ուղեղը մյուսի համեմատ առավել է, քանի որ ուղեղի մասին մեր ունեցած գիտելիքներով հանդերձ՝ վերջնական պատասխաններ այդ օրգանի մասին մենք դեռ չունենք: Ավելի հավանական է, որ մեր զարգացվածության հարցում որոշիչ դեր է խաղացել այն, որ մենք կարողացել ենք փշուր առ փշուր հավաքած գիտելիքը ինչ-որ ձև պահպանել և փոխանցել: Որոշ կարծիքների համաձայն դրանում գլխավոր դեր է խաղացել մարդու լեզուն և ձայնային շփման հնարավորությունը: Չեմ բացառում, սակայն ձայնային շփման հնարավորություն ունեն կենդանական շատ տեսակներ, մի մասն էլ, օրինակ՝ կապիկների որոշ տեսակներ, շփվում են ժեստերով, ուստի մարդու լեզվական առանձնահատկությունների որոշիչ գործոն լինելու մասին մենք իրավունք կունենանք խոսել այն ժամանակ, երբ շատ լավ կհասկանանք կենդանական աշխարհի ներկայացուցիչների լեզուն և շփման մեխանիզմները: Մարդ տեսակի զարգացվածության այսօրվա մակարդակին հասնելու ամենահավանական վարկածն այս պահին ինձ համար գիրն է:

Նկարներ պատերին

Հարյուր հազարավոր կամ միլիոնավոր տարիներ առաջ քարանձավի պատերին արված պատկերները մեր նախնիները հավանաբար չեն արել հաճույքի համար. դրանք ինչ-որ բան են նշանակել, որոշակի իմաստ և տրամաբանություն են ունեցել: Հավանաբար ամեն ինչ սկսվել է պարզագույն պատկերներից՝ միգուցե ձեռքով թողած ինչ-որ հետքերից, կետերից կամ գծերից: Եվ երբ խոսում ենք այդ ժամանակաշրջանի մասին, մի պատկերացրեք մարդկանց այսօրվա տեսքով (հարդարված մազերով և ակնոցներով), այլ պատկերացրեք կապիկի կամ արջի, ով պատի վրա ինչ-որ հետքեր է թողնում (քերծում): Գլխավորն այն է, որ այդ հետքերը ժամանակի ընթացքում սկսել են ինչ-որ կերպ հասկացվել մյուսների կողմից: Այսինքն գիտելիքը, որը նախկինում ընկալվել է միայն տեսողական և լսողական զգայարանների միջոցով և ունեցել է կարճ կյանք, սկսել է ավելի երկար կյանք ունենալ, քանի որ պահպանվել է «կրիչների»՝ պատերի վրա, նույնիսկ երբ մարդիկ մահացել են կամ սերունդներ են փոխվել: Մարդը, ով ի սկզբանե եղել է սովորական կենդանի, հանկարծ սովորել է գիտելիք պահպանել: Կրկին և կրկին չի կարելի պնդել, որ դա եղել է մարդու ուղեղի առանձնահատկությունների պատճառով: Չի բացառվում, որ դա սկսվել է պատահականությունից (որում դեր է խաղացել նաև մարդու ձեռքերի և մատների կառուցվածքը): Սակայն ի՞նչ կլինի, եթե ինչ-որ պահի գիտելիք պահպանելու հնարավորություն ստանան շիմպանզեները կամ չղջիկները՝ այլ եղանակով: Ինչպիսի՞ն կլինի այդ տեսակների զարգացվածության մակարդակը մեկ միլիոն տարի անց՝ հատկապես, եթե գիտելիքի տարածման արագությունը (սեղմիր և տես էջ 20) նրանց դեպքում ավելի մեծ լինի: Ո՞վ այդ դեպքում կգերիշխի երկրագնդի վրա ապագայում:

Ավելի ճիշտ է խոսել մարդու զարգացած, այլ ոչ թե մտավոր առավելություններ ունեցող տեսակի մասին: Զարգացվածությունն իր մեջ ներառում է գիտելիքը:

Մենք հազվադեպ ենք մտածում այն ուղղությամբ, որ մարդու՝ ավելի զարգացած տեսակ լինելու փաստը հնարավոր է պատահական է ստացվել կամ ժամանակավոր է: Մեզ ավելի դուր է գալիս մտածել, որ մենք այդպիսին ենք ստեղծված և դա հավերժ է: Բայց հավանաբար մենք չենք ունեցել ոչ մի առավելություն հինգ միլիոն տարի առաջ և նաև չգիտենք, թե ինչպես կփոխվի իրավիճակը հինգ միլիոն տարի անց: Չէ՞ որ այստեղ շատ կարևոր է ժամանակի գործոնը: Մենք ոչ թե գերիշխող կամ առավել զարգացած տեսակ ենք հավերժ, այլ այդպիսին ենք տվյալ ժամանակահատվածում: երբ խոսում եմ տվյալ ժամանակահատվածի մասին, նկատի ունեմ, օրինակ, վերջին մի քանի հարյուր հազար կամ միլիոն տարին: Բայց չէ՞ որ դրանից առաջ գերիշխող տեսակ են եղել դինոզավրերը: Մենք նրանց համարում ենք «անուղեղ» գիշատիչներ, բայց չէ՞ որ նրանք էլ հավանաբար զարգացվածության որոշակի մակարդակ են ունեցել, նրանց պահվածքում էլ որոշակի տրամաբանություն և կազմակերպվածություն է եղել: Իմիջիայլոց, ըստ գիտական աղբյուրների, նրանց իշխանությունը մեր երկրագնդի վրա տևել է ավելի քան 100 միլիոն տարի՝ ի տարբերություն մարդկանց, ովքեր գերիշխող տեսակ են ընդամենը մի քանի հարյուր հազար տարի: Ընդ որում, դինոզավրերը հավանաբար նույնպես վերացել են պատահականության արդյունքում, ինչպես շատ երևույթներ, որոնց մեջ մենք տրամաբանություն ենք փնտրում:

Մաուգլի

Վերադառնալով հարցին, թե որքան խելոք է Էյնշտեյնը շիմպանզեից, ես չեմ կարող պնդել, որ Էյնշտեյնն ավելի խելոք է շիմպանզեից՝ մտածելու առումով: Էյնշտեյնն, իհարկե, ավելի զարգացած է, քան շիմպանզեն, ավելի շատ գիտելիք ունի, բայց փաստ չէ, որ գիտելիքի երկու նոր կտորները գիտելիքի վակուումում նա իրար ավելի ճիշտ է միացնում: Մենք հնարավորություն չունենք դա ստուգել: Մենք չենք կարող մարդու ուղեղից ջնջել իր բոլոր գիտելիքները, կապիկից էլ վերցնել իր փոքրաքանակ գիտելիքները, նրանց գցել ինչ-որ միջավայր և փորձարկումներ անել: Նման զրոյական կամ գրեթե զրոյական վիճակում է գտնվում նորածինը, ով դեռ չունի գիտելիքներ, սակայն երեխայի հետ հնարավոր չէ նման փորձարկումներ իրականացնել: Բայց, մյուս կողմից, մեզ հասած պատմությունները մաուգլի երեխաների մասին ցույց են տալիս, որ զրկվելով գիտելիքի առավելությունից, նրանք պարզապես դառնում են կենդանիներ, այնպես, ինչպես ջունգլիներում ապրող մյուս կենդանիները: Իսկ պատճառն այն է, որ նրանք ստանում են այն գիտելիքները, որոնք ստանում են մնացած բոլորը: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է արդյոք նման մաուգլի երեխան երեսունհինգ տարեկանում Էյնշտեյն դառնալ՝ զրկված լինելով իր հիմնական առավելությունից՝ մարդկային գիտելիքից:

Leave a Reply

Your email address will not be published.

 
 

Մարդիկ լողում են «ստանդարտ» հոսանքում: Մենք ապրում և մտածում ենք իներցիայով: Մենք մտածում ենք բոլորի պես: Մենք հազվադեպ ենք սեփական մտածողությունը վերլուծում: Գիրքը մարդու և մարդկային մտածողության մասին է՝ «ոչ ստանդարտ» տեսանկյունից: Այն կօգնի Ձեզ նորովի բացահայտել մարդուն: Այն կտեղափոխի Ձեր մտածողությունը այլ հարթություն:


   


error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»